Ձեր զամբյուղը դատարկ է
0
Ձեր զամբյուղը դատարկ է
Ծաղիկների խորհուրդը
Տարածել`
Ծաղիկները բնության հրաշքն են: Դրանց միջոցով երբեմն կարելի է արտահայտել ավելին, քան խոսքերով: Եթե աչքի անցկացնենք մեր քաղաքակրթության պատմության էջերը, ապա կարող ենք նկատել, որ մարդու կենցաղում ծաղիկները բավական մեծ դեր են ունեցել։ Դրանք համարվել են կյանքի, ուրախության, ստեղծագործության խորհրդանիշ։ Ծաղիկների լեզուն իսկական արվեստ է, որին պետք է կատարելապես տիրապետել: Այժմ տեսնենք, թե ինչ խորհուրդ են կրում ամենահայտնի ծաղիկները. 1. Ազալիա - Կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի եւ տխրության խորհրդանիշ: Ազալիա ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից առաջ: Ազալիա նվիրելով՝ ասում եք. «Հույս ունեմ, որ կսպասես ինձ», «Ես հավատում եմ քեզ» կամ «Պահպանիր քեզ ինձ համար»: Ազալիա նվիրող տղամարդը նաեւ խոստովանում է, որ իր համար միակն եք: 2. Ակացիա - Գաղտնի սեր, միայնություն: Ակացիան զղջումի եւ սխալներն ընդունելու խորհրդանիշ է: Ակացիա նվիրողն ասում է. «Դու իմ կյանքի ամենակարեւոր էակն ես», «Ինչո՞ւ մենք միասին չենք» կամ «Արի ամեն ինչ սկզբից սկսենք»: 3. Աստղածաղիկ - Սիրո, նրբագեղության, ինչպես նաեւ հուշերի խորհրդանիշ: Չինաստանում աստղածաղիկը նշանակում է ճշգրտություն: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ աստղածաղկի վառված թերթիկների հոտը քշում է օձերին: Աստղածաղիկներ էին դրվում ֆրանսիական զինվորների շիրիմներին՝ ի նշան սգի եւ մահացածների հիշատակի: Գոյություն ունի աստղածաղիկների շուրջ 600 տեսակ, որոնցից ամենահայտնին համարվում է Մոնտե Կազինոյի աստղածաղիկը: 4. Մեխակ - Հրապուրանք, կանացի սեր, ազատություն, հավատարմություն: Մեխակի նշանակությունը ծաղիկների լեզվում կարող է շատ տարբեր լինել, ամեն ինչ կախված է դրա գույնից: Սպիտակը՝ անմեղություն, վարդագույնը՝ «ես երբեք չեմ մոռանա քեզ», կարմիրը՝ «կարոտում եմ քեզ», դեղինը՝ «դու խուսափում ես ինձանից»: 5. Թրաշուշան - «Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի՛ վախեցիր»: Այն գլադիատորների ծաղիկն է: Թրաշուշան նվիրողն ուժեղ, վստահելի, փոխհամաձայնություն չճանաչող մարդ է: 6. Շուշան - Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, սեթեւեթանք: Ծաղիկների լեզվով այն նշանակում է. «Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»: Սպիտակ շուշանը նշանակում է մաքրություն, վեհություն, ազնվություն: Այն ասում է. «Աստվածային է քո կողքին լինելը»: Վագրագույն շուշանը հպարտություն, առատություն, բարեկեցություն է: 7. Նարգիզ - «Մնա այդպես հմայիչ», «Արեւը միշտ փայլում է, երբ ես քո կողքին եմ», նշանակում է ուժեղ զգացմունքներ, անպատասխան սեր, չարդարացված հույսեր, ասպետություն: 8. Վարդ – Կարմիր վարդը նշանակում է սեր, կիրք. «Ես սիրում եմ քեզ», «Չեմ կարող առանց քեզ»: Գրան Պրի վարդ. «Ինձ թվում է, որ սիրահարվել եմ քեզ», «Ուրախ եմ, որ ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդը հարգանքի, վեհանձնության, սիրո եւ վստահության խորհրդանիշ է: Սպիտակ վարդը խորհրդանշում է մաքրություն եւ անմեղություն, համեստություն եւ նրբություն: Դեղին վարդը նշանակում է երջանկություն, ուրախություն: Ծաղիկների լեզվի համաձայն, դեղին վարդը ոչ մի առնչություն չունի դավաճանության կամ խանդի հետ, չնայած այդ տեսակետը շատ տարածված է: 9. Կակաչ - Երեւակայության, երազկոտության, երիտասարդության, հաճույքների ձգտման խորհրդանիշ է: 10. Գեորգին – Կամակորություն, անցողիկ սեթեւեթանք: Գեորգին նվիրողը ցանկանում է ասել. «Ես դեռեւս պատրաստ չեմ», «Ոչինչ չեմ խոստանում», «Ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել»: Մարիամ Աբրահամյան